Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը մինչև 18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի թիմային մրցման հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչները նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել՝ վաստակելով 1120 միավորով: Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցավայր է մեկնել 5 մարզիկով։ Հայաստանը ներկայացնում են ատրճանակավարներ Գրիգոր Պողոսյանը, Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և հրացանակիր Դավիթ Խաչատրյանը: Հայաստանի ներկայացուցիչները
մրցավայր են մեկնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։ Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների առաջնությունը կտևի մինչև փետրվարի 15-ը: Մրցմանը շուրջ 240 հրաձիգ է մասնակցում։