Ազգային ժողովը սկսել է գումարման վերջին՝ տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը

Ազգային ժողովը հունվարի 19-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո  սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը: Այն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված բուհերում սովորելու համար տարկետում ստացած եւ բուհն ավարտած երիտասարդները եւ իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Դրանից հետո  նրանք կարող են ազատվել զինվորական ծառայությունից: Աշխատելու ընթացքում անձի՝ Հայաստանում ֆիզիկական ներկայությունը պարտադիր է լինելու: Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու համար 2018 թվականից սկսած տարկետում է ստացել արդեն 600 քաղաքացի՝ տարբեր կրթական աստիճաններով, որոնցից 570-ը դեռ սովորում է եւ շարունակում է օգտվել տարկետման իրավունքից: Սակայն նշված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու եւ նրանց ներուժը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու անհրաժեշտություն ունեն: Հարցուպատասխանի ընթացքում Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նշված բուհերն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն  է ուսումնառությունից հետո ծառայել ՀՀ զինված ուժերում, 4 քաղաքացի զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը հետախուզման մեջ է, իսկ մնացած 40-ը չեն ծառայել՝ ելնելով այլ հիմքերից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նա

խագահ Սիսակ Գաբրիելյանը: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորների տեսակետները տարբերվում էին միմյանցից: Պատգամավորներից շատերը դրական են գնահատել նախագիծը, ներկայացվել են նաեւ  առաջարկներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Լիլիթ Գալստյանը՝ նշելով վիճակագրության անբավարար թիվը: Ըստ նրա՝ հայտնի չէ՞ 2018 թվականից առայսօր Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում քանի՞ երիտասարդ է ուսում  ստացել, ի՞նչ մասնագիտություններ են նրանք ստացել, ի՞նչ ոլորտներում են գործունեություն ծավալում: Պատգամավորն առաջարկներ է ներկայացրել: Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հնչած առաջարկներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ