Առաջարկվում է որոշ պաշտոնատար անձանց դեպքում հրապարակային դարձնել ԿԿՀ-ի տրամադրած բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը
Մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման եւ առաջխաղացման գործընթացում առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տրամադրած բարեվարքության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության եզրափակիչ մասը: Այդ պաշտոնյաների թվում են քննիչները, քննչական մարմինների ղեկավարները, տեղակալները, դատախազները, Գլխավոր դատախազը, տեղակալները, դատավորները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ՍԴ դատավորները: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Փաստաթղթի ընդունումը պայմանավորված է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 5-րդ գնահատման փուլի շրջանակում առկա հանձնառություններով: Անձին իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին ավելի ակտիվ մասնակցելու հնարավորություն կտրվի: Վերջինս հնարավորություն կունենա մինչեւ վերջնական տեսքով եզրակացության կազմումը գրավոր առարկություններ, պարզաբանումներ եւ այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու ԿԿՀ-ին: Անձն իրավունք կունենա պահանջելու, որ իր առարկությունները կամ դրանց մի մասը հրապարակվեն եզրակացության եզրափակիչ մասի հետ: Օրենսդրական փաթեթի ըն
դունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ-ի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների գործունեության թափանցիկությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարքության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը: Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա խոսել է բարեվարքության համակարգի ներդրման գործընթացից, նշել, որ որակի լավարկման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է բարեվարքության եզրակացությունը հրապարակային դարձնելու կարեւորությանը: