Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները: ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Հարցուպատասխանի ձեւաչափում բոլոր եկեղեցիներին եւ եկեղեցիներում պահպանվող իրերին հատուկ նշանակություն ու կարգավիճակ տալու եւ այդկերպ պաշտպանելու առաջարկ է հնչել: Թագուհի Ղազարյանի գնահատմամբ անկախ կրոնական համոզմունքներից՝ հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով: «Մենք պնդում ենք, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող բոլոր եկեղեցիները պետք է շարունակեն պատկանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- նշել է զեկուցողը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,

երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը: Կառավարությունը սկզբունքային դիտարկումներ եւ առաջարկներ չունի: Այդ մասին բարձրաձայնել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, նշել՝ Կառավարությունն առաջնորդվել է այն դիրքորոշմամբ, որ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո պետք է լինի: Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 20-ի նիստում:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ