Ինչպե՞ս կրճատել ՃԵԿ տուգանքը մինչև 44 տոկոս .Iravaban.net

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների վճարումը կարող է զգալիորեն նվազեցվել օրենքով նախատեսված զեղչային համակարգի միջոցով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը տալիս է մինչև 44% խնայելու հնարավորություն՝ երկու հետևյալ մեխանիզմների միջոցով: Երկաստիճան զեղչային համակարգ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների դեպքում էլեկտրոնային ծանուցման միջոցով տուգանքի չափը նվազում է 20 տոկոսով։ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 125.1-ին, 126-րդ, 128-րդ հոդվածներով, 129.2-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով նախատեսված տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվելու (ծանուցվելու) օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված, բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը գանգատարկվելու (բողոքարկվելու) դեպքի»։ Այսինքն՝ դուք ստանում եք լրացուցիչ 30% զեղչ: Ինչպե՞ս է գործում համակարգը գործնականում. Պ

արզ օրինակ. Ենթադրենք՝ կատարել եք ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի համար սահմանված է 5,000 դրամ տուգանք։ Արդյունքում՝ 5,000 դրամի փոխարեն դուք վճարում եք ընդամենը 2,800 դրամ՝ խնայելով 2,200 դրամ կամ սկզբնական տուգանքի 44%-ը։ Ինչպե՞ս օգտվել այս հնարավորությունից. Այցելեք roadpolice.am կայքը և գրանցեք ձեր անձնական էջը՝ նշելով անձնագրի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Ձեր անձնական էջում ակտիվացրեք էլեկտրոնային ծանուցումների ստացման ֆունկցիան: Այս պահից սկսած՝ տեսախցիկներով արձանագրված բոլոր իրավախախտումների տուգանքներն ավտոմատ կերպով կնվազեն 20%-ով: Տուգանքի մասին էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կատարեք վճարում՝ օգտվելով լրացուցիչ 30% զեղչից: Այս համակարգը ներդրվել է թվային գործիքների օգտագործումը խրախուսելու, վարչարարության ծախսերը նվազեցնելու և տուգանքների ավելի արագ ու պարտաճանաչ վճարումն ապահովելու նպատակով: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ