«Սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնում ենք պետությանը՝ նպաստելով մեր երկրում սպորտի զարգացմանը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանn ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել: «Փորձում ենք սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնել պետությանը և վերջինիս բարեկարգմամբ նպաստել նաև մեր երկրում սպորտի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ստացվել: Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կան մի շարք ծրագրեր, որոնք օրենքի ընդունմամբ հնարավոր կլինեն իրագործել: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով տաբեր ձևաչափերով մասնա

վորի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ հետաքրքրություն կա ֆուտբոլային և մարզական այլ կազմակերպության կողմից: Հիշեցնենք՝ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ