Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: «Մենք կարեւորում ենք քաղաքական եւ տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը` հավելելով, որ երկու պետություններում մշտական դեսպանությունները կարեւոր դեր են խաղում կապերի ամրապնդման գործում: Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը: Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժեւորելով նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը? Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: «Հայաստանը շահագրգռված է նաեւ կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, սոցիալական եւ գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը` կ
արծիք հայտնելով, որ այդ բնագավառներում գործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է: Հանդիպմանը ներկա ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` ընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆաբիո Վազ Պիտալուգան կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը: