Քննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Համաձայնագրի վավերացման նպատակն է երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը դարձնել շարունակական եւ ամրապնդել բարեկամական հարաբերությունները: Համաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ դեպի Կատարի Պետության մուտքի եւ այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը՝ համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի եւ ընթացակարգերի: ՀՀ քաղաքացիներին ներկայացվող աշխատանքային առաջարկը նախօրոք պետք է հաստատված լինի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի եւ առաջարկի տարբերություն բովանդակային տեսանկյունից չպետք է լինի՝ երաշխիքի, աշխատավարձի չափի, աշխատանքի բնույթի մասով: Հարցուպատասխանի ձեւաչափու
մ անդրադարձ է եղել Կատարի Պետությունում աշխատող քաղաքացիների վիճակագրությանը, այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիների իրավունքների ապահովմանը, Կատարից Հայաստան աշխատանքային միգրացիայի հնարավորությանը եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ քաղաքացի աշխատողների համար տվյալ երկրում ոչ թե ազգային ռեժիմ է սահմանվում, այլ՝ այն ընթացակարգերը, թե ինչպես կարող է ՀՀ քաղաքացին՝ որպես օտարերկրացի, աշխատելու նպատակով մուտք գործել տվյալ երկիր: Համաձայնագրին կից ներկայացված է նաեւ տիպային պայմանագրի նմուշը, որտեղ երկիր մուտք գործելուց մինչեւ աշխատանքից արձակման պահն ամրագրված են նրա ֆինանսական երաշխիքները: Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: