ԱԺ-ում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի կատարողականը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2024 թվականի ԿԳՄՍ նախարարության կատարողականը՝ տեղեկացնելով, որ ծախսերը կազմել են 285,7 մլրդ դրամ: Նախարարությունն իրականացրել է 23 ծրագիր և 234 միջոցառում, որից կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը կազմել է 63 մլրդ: «Կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշի աճը ցույց է տալիս, որ բոլոր հավակնոտ ծրագրերն իրականացվելու են: Այն թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն: Պետական համակարգի արդյունավետության առումով պետք է նշեմ՝ 2018, 2019 թվականներին և դրանից առաջ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող ընդհանուր բյուջեն չի գերազանցել 150 մլրդ դրամը: Հաջորդ տարի միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է շուրջ 420 մլրդ դրամ հատկացում, որը էական աճ է»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Խոսելով նախարարության աշխատանքների ընդհանուր ուղղությունների մասին՝ նախարարը նշել է, որ բոլոր ուղղություններով եղել են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք արտացոլված են բյուջետային ծրագրերում: Նախարարը մանրամասն ներկայացրել է նախադպրոցական, հանրակրթության ոլորտներում իրականացված աշխատանքները, խոսել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրերի, բուհերի խոշորացման, գիտության ոլորտի ֆինանսավորման, արձանագրված արդյունքների, գիտության մրցունակության աճի մասին: Հանրակրթության ոլորտի կատարողականը՝ 99,8 տոկոս Հանրակրթության ծրագրին 2024 թվականին ուղղվել է ավելի քան 126.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.8 տոկոս: Նախարարի խոսքով՝ Էապես ավելացել է հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը՝ կազմելով շուրջ 113.9 մլրդ դրամ, որը 2023 թվականին ընդհանուր հանրակրթության համար տրված ֆինանսավորմանը գերազանցում է 13.4%-ով՝ պայմանավորված հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ ՀՊՉ շրջանակում ուսուցիչների աշխատաժամանակը վերանայվել է. շաբաթական 22 դասավանդվող ժամի փոխարեն դառնալով 18 դասավանդվող ժամ տարրական դասարաններում և 20 դասավանդվող ժամ՝ հիմնական և ավագ դասարաններում։ Սա հանգեցրել է մեկ ժամի վարձատրության արժեքի մեծացման. համապատասխանաբար 20%-ով և 10%-ով: Ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավում Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման համար գործող ծրագրերին՝ նախարարը ներկայացրել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց ուղղվել է 10 մլրդ դրամ։ Վերջին 4 տարիների ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6 321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20%-ն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: Այս նպատակով 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 6.2 մլրդ դրամ՝ 1.9 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ շարունակվել է տարակարգի շնորհման ծրագիրը, որի շրջանակում 285 ուսուցիչ ստացել է տարակարգ (նախորդ տարվա ցուցանիշը աճել է 2.8 անգամ)՝ արդյունքում ունենալով 10-50% հավելավճար, նրանցից 59 ուսուցիչ արժանացել է 4-րդ աստիճանի տարակարգի և ստանում է 50% հավելավճար: Հաշվետու տարում ընդհանուր 276.1 մլն դրամ է հատկացվել տարակարգ ունեցող 1228 ուսուցչի: Նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածությունը հասել է 75%-ի Նախադպրոցական ուսումնական հաստատություններում և նախակրթարաններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասել է 75%-ի: Այս երեխաներից 5 667-ի համար, որոնք հաճախում են նախակրթարաններ, պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 818.3 մլն դրամ: ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողներ ատեստավորում և աշխատավարձի բարձրացման մասին Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին անգամ կազմակերպված ՄԿՈՒ հաստատություններում դասավանդող մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացին, որն իրականացվել է 4 ուղղություններով՝ ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն: Ատեստավորման արդյունքում 276 մանկավարժ կամ մասնակիցների 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և ունեցել դրույքաչափի բարձրացում 200 000 դրամի չափով, ինչը 2-3 անգամ բարձր է գործող դրույքաչափից, իսկ 70%-ից բարձր արդյունքներ գրանցած 224 մանկավարժ (նվազագույն շեմը հաղթահարածների 81%-ը) ստացել է նաև 30%, 40%, 50% հավելավճար: Նրա խոսքով՝ 2024թ. մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններ է ընդունվել 15 058 ուսանող՝ 2023թ. նկատմամբ գրանցելով ընդունելության 11.4% աճ։ Կրթաթոշակային քաղաքականությունը նպաստել է ընդունելության ցուցանիշների բարելավմանը Նախարարը նաև անդրադարձել է առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային ծրագրին, որն էական ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների բարելավման վրա: 2024-2025 ուսումնական տարում ՄԿՈՒ ոլորտում գրանցվել է ընդունելության դրական արդյունք՝ 988 ուսանող արհեստագործական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 123.5%-ով), 717 ուսանող՝ միջին մասնագիտական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 61%-ով) ծրագրերով: Ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50 000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ ըստ նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների: Բարձրագույն կրթության ոլորտում նույնպես շարունակվել է պետության կողմից ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագիրը՝ ամսական 70 000 ՀՀ դրամ կրթաթոշակի միջոցով։ Նշված ուղղությամբ 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից շուրջ 20%-ով ավելի։ Այս քաղաքականությունը 2024 թվականից տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտում գերակա համարվող մասնագիտություններով բուհ է ընդունվել 220 ուսանող: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ միասնական և ներբուհական ընդունելության կարգերով բուհեր են ընդունվել 10 720 ուսանողներ, ինչը կազմում է ավագ դպրոցի շրջանավարտների 52.3%-ը, որը միջազգային համակարգերի հետ բավականին համադրելի ցուցանիշ է: «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին Նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ «Հստակ պատկերացնում ենք ծրագրի իրականացման ռազմավարությունը, որը հաջողության կարևոր հիմք է: Նման խորքային և բազմաշերտ ծրագրերն առանց ճիշտ նախապատրաստման և իրականացման լավ պլանի՝ դատապարտված են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում գերմանական մասնագիտացված կազմակերպությունների հետ։ Վերջերս գործընկերություն է մեկնարկել Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիայի հետ՝ երաժշտական ուղղությամբ: Պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, մեկնարկել է ակադեմիական քաղաքի տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, մշակվում է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը և այլն: Գիտության ոլորտի ֆինանսավորման աճի մասին Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ արդյունքներն արդեն տեսանելի են որակական մակարդակում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական: Գիտության ոլորտում դրույքաչափերի բարձրացման, գործող տարակարգերի և ատեստավորման մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված՝ աշխատավարձերի մինչև 300 տոկոս աճ է ապահովվել՝ ի համեմատ, օրինակ, 2021 թվականի: Նրա խոսքով՝ գործում են նաև ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, և գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել: Սա նշանակում է՝ արդյունավետ գիտնականների վարձատրությունը դեռ կարող է աճել: Ըստ նախարարի՝ 1 մլնից ավելի վարձատրություն ունեցող գիտնականներ ունենք, ինչը կարևոր ձեռքբերում է գիտությամբ զբաղվելը մրցունակ գործունեություն դարձնելու իմաստով։ «Գիտության ոլորտին 2024 թվականին հատկացվել է շուրջ 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 29,9 մլրդ դրամով. ոլորտում ֆինանսավորման շուրջ 280 տոկոսի աճ ունենք: Սա շատ մեծ աճ է և ուղղված է տարբեր ուղղություններով աշխատանքներին»,- ասել նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում քննարկման կներկայացվի գիտության զարգացման ռազմավարությունը։ Մշակույթի ոլորտի բարեփոխումների մասին Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը խոսել է մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նրա խոսքով՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության նպատակով պետական բյուջեից ծախսվել են նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի միջոցներ՝ շուրջ 800 մլ

ն դրամ, որի շրջանակում 2024թ. իրականացվել են 16 հուշարձանի վերականգնման (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), 11 հուշարձանի նախագծման և փորձաքննության և 2 հուշարձանի պեղումների աշխատանքներ։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը»։ Սեպտեմբերից մեկնարկած մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են դպրոցական բաժանորդային համակարգով այցելությունները թանգարաններ և թատրոններ՝ շուրջ 300 հազար, ինչը 30,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը և ընդգրկում է հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը: Թանգարանների ցուցադրությունների և այցելությունների աճի մասին Անդրադառնալով միջազգային բնույթի համագործակցությանը՝ նախարարը նշել է «Հայաստանի պատմության թանգարանում» բացված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը. առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ Աստվածուհու արձանի մասունքները։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում գրանցվել է շուրջ 55 000 այցելություն։ Նախարարը նշել է՝ սեպտեմբերին համագործակցություն է նախատեսվում Լուվրի թանգարանի հետ, Հայաստանի ազգային պատկերասրահն էլ այս ամսվա վերջին ցուցադրություն կունենա Ֆրանսիայում: Անդրադառնալով թանգարանների էլեկտրոնային տոմսային համակարգին՝ նախարարը նշել է, որ գործարկվել է համակարգի բջջային հավելվածը և եռալեզու կայքը՝ museumsarmenia.am: Համակարգին միացել է 26 թանգարան: Մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին արդյունավետության մասին Խոսելով ժամանակակից արվեստի ոլորտի մասին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին և դրա արդյունավետությանը: Օրինակ, ֆինանսավորման նոր մոդելով աշխատող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է 198 ներկայացում և 5 առաջնախաղ՝ շուրջ 124,569 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 20% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության 37% ավելացում: Տիկնիկային թատրոնում անցկացվել է 763 ներկայացում և 7 առաջնախաղ՝ շուրջ 120,000 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 35% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության մինչև 50% ավելացում։ Խրախուսելով անցումը ֆինանսավորման նոր ձևաչափին՝ նախարարը նկատել է, որ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ մարզային թատրոններում, եկամուտների մինչև 30 տոկոսի աճ է գրանցվել: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարզերում մշակութային կյանքի հասանելիության ապահովումը: Նրա խոսքով՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում մարզերում մի շարք համերգներ են նախատեսված: Մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսման մասին Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է ՝ նախորդ տարվանից գործարկվել է նաև մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսման ծրագիրը, որի շրջանակում շահառուները կարող են ամսական մինչև 800 հազար դրամական խրախուսում ստանալ, եթե միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում հաղթող ճանաչվեն, որոշ դեպքերում էլ՝ պարզապես մասնակցություն գրանցեն: Սպորտի ոլորտի հատկացումների և նոր ծրագրերի մասին Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ իրականացվել են շուրջ 7.3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3.5 անգամ ավելի է 2018 թ. նույն ցուցանիշից: Անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնցից 3-ը նախատեսված է դպրոցականների համար: Նա տեղեկացրել է՝ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման համար ձեռք են բերվել և հանրապետության բոլոր դպրոցներին են տրամադրվել շուրջ 6 500 հեծանիվներ: Նախարարն անդրադարձել է նաև մարզերում երեխաների լողի անվճար մարզումների ֆինանսավորմանն ուղղված ծրագրին: Մարզումներն իրականացվում են մարզերում գործող և մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող լողավազաններում: Նախորդ տարի ծրագիրն իրականացվել է Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Այս տարի ծրագիրն ընդլայնվելու է՝ հասանելի դառնալով նաև Մեծամորում, Իջևանում, Հրազդանում: Մասնավորի հետ համագործակցությամբ նաև տիպային մարզահամալիրների կառուցում է նախատեսվում ՀՀ տարբեր մարզերում: Առաջիկայում ծրագրերը կմեկնարկեն Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում: Երիտասարդական քաղաքականության մասին օրենքը՝ հետագա աշխատանքի ինստիտուցիոնալ հիմք Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հաշվետու տարում կատարված օրենսդրական աշխատանքները, ինչպես նաև երիտասարդական կենտրոններ ձևավորելու համար տրամադրված դրամաշնորհները: Նախարարը նշել է, որ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որը ստեղծել է ինստիտուցիոնալ հիմքեր հետագա զարգացման մասին խոսելու և աշխատանքներ իրականացնելու համար: Այնուհետև Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաշվետվության վերաբերյալ:



ԼՐԱՀՈՍ