Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2025 թ. աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը: Օգոստոսի 25-ին խորհրդարանում մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2025 թվականի աշխատանքները: «Ձեւավորել է համագործակցության մի նոր հարթակ երիտասարդության համար, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ, մասնակիցներին ներկայացնում են օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը»,- ողջունելով երիտասարդ խորհրդարանականներին՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարեւորությունը, երիտասարդներին առաջարկել է պատասխանատվությամբ, պարտաճանաչությամբ օգտվել ընձեռված հնարավորությունից եւ օրինաստեղծ գործունեության մասնակից դառնալ: Նա հաջողություն է մաղթել երիտասարդներին: «Դուք ունեք բացառիկ հնարավորություն երիտասարդների ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովում, լիարժեք օգտագործեք այդ հնարավորությունը»,- դիմելով երիտասարդներին՝ նշել է ՄԱԶԾ խորհրդարանական ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը: 2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի 34 անդամներին ողջունել են նաեւ նախորդ տարվա Երիտասարդական խորհդարանի նախագահն ու փոխնախագահները: Նշվել է, որ այս հարթակը մեծ հնարավորություններ է ընձեռում մասնակցելու երկրի զարգացմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաեւ ձեռք բերելու փորձառություն, զարգացնելու հաղորդակցման, հանրային ելույթի, բանակցությունների հմտությունները: Նրանք երիտասարդներին խորհուրդ են տվել չհանձնվել, հավատալ սեփական ուժերին, հավատարիմ մնալ սեփական արժեքներին եւ սկզբունքներին՝ խոստանալով աջակցել օրինաստեղծ գործունեությանն ու իրականացնել նախանշված ծրագրերը: «Երիտասարդական խորհրդարան» ծրագր
ի շրջանակում ձեւավորվել են 3՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, Աշխատանքի եւ սոցիալական ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովների աշխատանքներին երիտասարդներն ինքնաառաջադրվել են ըստ նախասիրությունների: Հանձնաժողովներում երիտասարդները ծանոթացել են աշխատանքներին, պրոֆիլային գործունեությանը, ինչպես նաեւ ընտրվել են համապատասխան հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ: ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի եւ Կանադայի կառավարությունների, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից: