«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է 220 նոր դասագիրք». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է 2025-2026 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, նախորդ ուստարվա հիմնական արդյունքները, ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը, ՀՊՉ ներդրման շրջանակում ստեղծված նոր՝ 220 դասագրքերը, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» Ողջունելով ներկաներին՝ նախարարն անդրադարձել է նախարարության նոր մոտեցմանը՝ յուրաքանչյուր ուսումնական տարին անցկացնել որոշակի խորագրով: Նախարարի հիշեցմամբ՝ նախորդ ուստարին հայտարարվել էր մշակութային կրթության տարի, և ամբողջ տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ակտիվորեն իրականացվել են տարբեր քննարկումներ, աշխատաժողովներ, փառատոններ, նախագծային աշխատանքների ներկայացում և այլ միջոցառումներ, որոնք առաջին հերթին ուղղված էին խրախուսելու երեխաների մշակութային կրթությունը: Այս ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»: 2025 թվականի առաջին կիսամյակում 210.000 դպրոցականներ այցելել են մշակութային հաստատություններ Նախարարի տեղեկացմամբ՝ պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորություն է տալիս դպրոցականներին այցելել թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ: «2025 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով ավելի քան 210.000 դպրոցականներ այցելել են թատրոններ, համերգասրահներ և թանգարաններ: 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 176.000 է եղել: Այսինքն՝ գրանցվել է էական աճ: Դպրոցականների՝ մշակութային հաստատություններ այցելության ընդհանուր թիվը 2024 թվականին եղել է շուրջ 300.000: Վստահ եմ, որ այս տարին ամփոփելիս արձանագրելու ենք՝ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը: Դպրոցներում իրականացվել է նաև «Մշակութային վերջին զանգ» ծրագիրը, որը նաև մրցութային բնույթ ուներ: 179 դպրոցներ մասնակցել են նոր ձևաչափով վերջին զանգի միջոցառման իրականացմանը. այս քաղաքականությունը կշարունակվի նաև այս տարի, սակայն այս տարվա խորագիրը մեզ ուղղորդելու է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը»,- ասել է նախարարը` շեշտելով, որ մեծ ուշադրություն է դարձվելու այն աշխատանքներին, որոնք խրախուսում են սովորողների առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ընդհանրապես ցանկացած բռնությունից զերծ միջավայրի ապահովումը: Դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ են պլանավորվում թե՛ սովորողների, թե՛ մանկավարժների ուղղությամբ: «Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որում նկարագրված կլինեն աշխատանքները բոլոր կարևոր ուղղություններով: Տարվա ընթացքում պլանավորել ենք բազմաթիվ առանձին միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն անվտանգության և ապահով միջավայրի առանձին թեմաների ներկայացմանը՝ ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, նախագծային աշխատանքներ և այլն: Իհարկե նաև վերապատրաստումներ են նախատեսված. տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև հանդիպումներ անվանի մարզիկների հետ, որոնք իրենց օրինակով և վարքականոնով ցույց կտան, թե ինչ կարևոր է ֆիզիկական առողջ ակտիվությունը և այն աշխատանքը, որն օգնում է մարզել ոչ միայն մարմինը, այլև միտքն ու հոգին»,- ասել է նախարարը: Ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք Անդրադառնալով դպրոցական դասագրքերին, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս տարվանից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ 1

«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է 220 նոր դասագի...

2-րդ դասարանում կներդրվի գալիք տարվանից: Նախարարի ներկայացմամբ՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կատարվել է նոր դասագրքերի ստեղծման մեծածավալ աշխատանք, որը մեկնարկել է 2023 թվականից: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք: Ասուլիսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ցուցադրվել են նոր ստեղծված բոլոր դասագրքերը: «Բարեփոխելով և էականորեն վերափոխելով դասագրքաստեղծման գործընթացը, ձևավորելով մրցակցային միջավայր՝ ներդրվել են նոր դասագրքեր, որոնք նաև այս տարվա մրցույթների արդյունքով որակական մեծ փոփոխություն են կրել: Երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք, ավելի քան 220 դասագիրք։ Ընդ որում, պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի նույն դասարանի համար ունեցել ենք երկու դասագիրք, ինչը դպրոցներին ընտրության հնարավորություն է տալիս: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը, և սա նշանակում է, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված, որը մեր ուսուցիչներին հնարավորություն է տվել ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ: Դասագրքերը ոչ միայն ներկայացնում են գիտելիքի և փաստերի ամբողջություն, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են: Մասնավորապես, այս տարի առաջին դասարանում մենք աշխատելու ենք նոր չափորոշչով, ունենք նոր այբենարաններ և նույնիսկ ուսուցման մեթոդներում առաջարկված են նորություններ: Շատ կարևոր եմ համարում, որ դասագրքերը էլեկտրոնային տարբերակով դեռևս մայիսին, հունիսին հասանելի են եղել, և ուսուցիչները ժամանակ են ունեցել ծանոթանալու, ընտրելու դասագրքերը: Ուսուցիչների հետ ամառվա ընթացքում նաև շատ ակտիվ քննարկումներ են կազմակերպում դասագրքերի հեղինակները»։ Դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է Նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստիացմամբ՝ դասագրքաստեղծման գործընթացը մշտապես պահվելու է ուշադրության կենտրոնում. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև դասագրքերի կիրառման ընթացքում դպրոցներից ստացվող հետադարձ կապին և արձագանքին, դրանք նաև հընթացս լավարկելով, որովհետև յուրաքանչյուր աշխատանքի պարագայում դրա կարիքը զգացվում է: Վստահ եմ, որ այս համատեղ աշխատանքը մեր դպրոցներում որակյալ դասավանդման հնարավորություններ է ընձեռում։ Նախարարն անդրադարձել է նաև բացակայող գրքերին` նշելով, որ ստեղծված 159 անուն նոր դասագրքերը ծածկում են դպրոցական կրթության կարևորագույն առարկաները. «Սակայն ունենք որոշ առարկաներ, որոնց շրջանակում դեռևս օգտագործվում են հին դասագրքեր։ Այս առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով։ Խոսքը հիմնականում վերաբերում է ավագ դասարաններին»,- ասել է նախարարը: Նախարարի նշմամբ՝ դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է, չորս մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, և սեպտեմբերի 1-ին ուսումնական գործընթացը կիրականացվի ըստ պատշաճի։ Իսկ որոշ առարկաների, մասնավորապես՝ ավագ դասարաններում «Հայաստանի պատմության», մինչև նոր դասագրքերի ստեղծումը դասավանդումը կիրականացվի ուսումնական թղթապանակներով: «Դպրոցներն արդեն ստացել են ուսումնական նյութերը, որոնք կտրամադրվեն ուսուցիչներին և սովորողներին: Իհարկե, զուգահեռաբար նաև 10-րդ և 11-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթները հայտարարված են, ու ես վստահ եմ, որ կունենանք առաջարկներ, որոնք արդեն կկարողանան նաև որպես հիմնական ուսումնական նյութ կիրառվել դպրոցներում»,- նշել է նախարարը` պարզաբանելով, որ նշված դասարաններում «Հայաստանի պատմության» դասագրքերի հայտ գարնանը հայտարարված մրցույթի ժամանակ չի ներկայացվել:

«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է 220 նոր դասագի...



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն