Պատգամավորն առաջարկել է աշխատատեղերի քվոտա սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրենքում: Օրենսդական նախաձեռնության հեղինակն  առաջարկել է 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի տոկոս, սահմանել հաշմանդամոոթյուն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա` 4 տոկոսի չափով: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստի ընթացքում: Զարուհի Բաթոյանն առաջարկել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցված լինելու նվազագույն ժամկետը սահմանել 275 օրացուցային օր՝ գործող 183 օրացուցային օրվա փոխարեն: Զարուհի Բաթոյանի խոսքով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով Եվրոպական միության անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ: Պատգամավորն ընդգծել է նաեւ, որ գործատուները թափուր աշխատատեղերի համալրման ընթացքում առավելությունը հաշմանդամություն ունեցող անձանց տան հավասար պայմանների դեպքում, այլ ոչ թե միայն հաշմանդամություն ունենալուց ելնելով: Հ

Հ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, որ կան բազմաթիվ մասնավոր եւ պետական ընկերություններ, որոնք արդեն ունեն հաշնամդամություն ունեցող աշխատակիցներ: Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումն առաջարկի վերաբերյալ՝ Արսեն Թորոսյանը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնք ունեն լուծման կարիք եւ առաջարկել օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականը: Հեղինակն ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները՝ առաջին ընթերցումից հետո խմբագրելու պայմանով: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն